Էներգիայի սպառման դինամիկան Գերմանիայում և Ֆրանսիայում 1965-2024 թթ.
13 ր. | 2026-02-20Էներգիայի սպառման դինամիկան աշխարհում 1965-2024 թթ. հոդվածում ներկայացվել է էներգիայի սպառման համեմատական նկարագիրն աշխարհում և աշխարհամասերում, սպառման ընդհանուր դինամիկան և սպառումն ըստ էներգիայի տարբեր աղբյուրների 1965-2024 թթ. ընթացքում։ Տրված են էներգիայի ածխաջրածնային աղբյուրներից վերականգնվող էներգիայի սպառմանն անցման երեք հիմնական քաղաքականությունները և էներգետիկ անցման սկզբնակետերը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
Այդ հոդվածի հիմնական եզրակացությունների շարքում են այն դրույթները, որ ածխաջրածնային աղբյուրներից ստացված էներգիայի սպառումն աշխարհում բացարձակ արժեքով աճելու է ավելի արագ, քան վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի սպառումը, որի պատճառով ածխաջրածնային ռեսուրսների և դրանց տեղափոխման ուղիների համար գլոբալ պայքարը շարունակվելու է։
Էներգետիկ զարգացումների ընդհանուր կոնտեքստը աշխարհամակարգի կառուցվածքային փոփոխությունն է՝ ԱՄՆ-ն կորցնում է իր հեգեմոն դիրքը և սրվում է աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցակցությունը։ Էներգետիկ անկախությունը մի կողմից այդ բևեռների միջև մրցակցությունում հաջողության գրավականներից մեկն է, իսկ մյուս կողմից՝ տնտեսական վեցերորդ կացութաձևում կենտրոնական դիրք գրավելու պարտադիր պայման։
Աշխարհամակարգի կառուցվածքային դինամիկայի հետևանքների շարքում են նաև աշխարհում սիստեմատիկ կերպով առաջացող ռազմական ընդհարումներն ու պատերազմները, որոնց նպատակներից է բնական ռեսուրսների, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների և դրանց տեղափոխման ուղիների նկատմամբ վերահսկողության հաստատումը։
Այս կոնտեքստում զարգացած երկրներում, մասնավորապես Եվրոպայում, վերջին 25 տարիներին իրականացվում էր «Էներգետիկ անցման քաղաքականությունը» է, որի նպատակն է ապահովել Եվրոպայի էներգետիկ անկախությունը՝ բարձրացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների և նվազեցնել նավթի, քարածխի և գազի օգտագործումը։ Այդ միտումն ավելի ինտենսիվացավ ուկրաինական ճգնաժամի սրման (2014) և ռուս-ուկրաինական պատերազմի (2022) հետևանքով։
Եվրոպական Միության աշխարհաքաղաքական լիարժեք բևեռի վերածման հիմքում են դրա երկու կարևոր երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի տնտեսական և տեխնոլոգիական հզորության աճը։
Գերմանիայի և Ֆրանսիայի էներգետիկ ոլորտի վիճակի և զարգացման դիտարկումը կարևոր նշանակություն ունի արդի գլոբալ և տարածաշրջանային պրոցեսների, դրանց հետևանքների, ինչպես նաև Եվրոպական Միության, որպես աշխարհաքաղաքական բևեռներից մեկի կայացման և զարգացման ադեկվատ գնահատման հարցերում։
Էներգիայի սպառումը Գերմանիայում և Ֆրանսիայում 1965-2024 թթ.
1965-2024 թթ. ընթացքում Գերմանիայում և Ֆրանսիայում էներգիայի ընդհանուր սպառման միտումների պատկերները (Գծապատկեր 1) նման են Էներգիայի սպառման դինամիկան աշխարհում 1965-2024 թթ. հոդվածում ներկայացված Եվրոպայում էներգիայի սպառման դինամիկային։ Այն կազմված է էներգիայի սպառման երկարատև աճի, կայունացման և աստիճանական նվազման փուլերից։ Չի բացառվում, որ սկսած 2022 թ.-ից սկսվել է աճի նոր փուլը, սակայն, այդ դիտարկումը դեռևս ունի հիպոթետիկ բնույթ։
Գծապատկեր 1. Էներգիայի սպառումն Գերմանիայում և Ֆրանսիայում, ՏՎ-Ժ (Տերավատ-Ժամ), 1965-2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Գծապատկեր 1. Էներգիայի սպառումն Գերմանիայում և Ֆրանսիայում, ՏՎ-Ժ (Տերավատ-Ժամ), 1965-2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Գերմանիայում և Ֆրանսիայում էներգիայի սպառման աճի երկարատև փուլն ունի սպառման նվազման կարճատև ժամանակահատվածներ՝ 1973-1975, 1979-1982 թթ.։ Գծապատկերը հուշում է նաև, որ էներգիայի սպառման նվազման երկարատև փուլը Գերմանիայում սկսվել է 1989 թ.-ից, իսկ Ֆրանսիայում՝ 2005 թ.-ից։
Էներգիայի սպառման առաջին կտրուկ նվազումը տեղի է ունեցել 1973 թ. արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով, որն առաջացրեց 1973-1975 թթ. «առաջին նավթային ճգնաժամը», երբ նավթ արդյունահանող երկրների կազմակերպությունը (OPEC) արգելափակեց նավթի արդյունահանումը ԱՄՆ և Եվրոպայի երկրներ՝ ի պատասխան արաբա-իսրայելական պատերազմում նրանց աջակցությանը Իսրայելին։ Նավթի գներն աճեցին 4 անգամ։
Էներգիայի սպառման անկումը 1979-1982 թվականներին պայմանավորված էր «Երկրորդ նավթային ճգնաժամով», երբ Իրանում նավթի արդյունահանումը կտրուկ նվազեց 1979 թ. իրանական հեղափոխությունից հետո։ Դրան հետևեց Իրան-իրաքյան պատերազմը, որն է՛լ ավելի սահմանափակեց նավթի մատակարարումները։ Նավթի գինը կրկնապատկվեց, որի հետևանքով Եվրոպայում տեղի ունեցավ տնտեսական անկում։ Այն՝ իր հերթին նվազեցրեց էներգիայի պահանջարկը։ Եվրոպայում էներգիայի սպառմանը նպաստում էին նաև գործազրկության աճը և սպառողական պահանջարկի անկումը։
Այս երկու ճգնաժամերի հետևանքով Գերմանիան և Ֆրանսիան սկսեցին ակտիվորեն իրականացնել էներգաարդյունավետության ծրագրեր՝ սահմանափակելով վառելիքի սպառումը, խրախուսելով անցումը այլընտրանքային էներգիայի աղբյուրներին, զարգացնելով միջուկային էներգիան, իսկ Գերմանիան՝ նավթից կախվածությունը նվազեցնելու համար ընդլայնեց համագործակցությունը ԽՍՀՄ-ի հետ գազի ներմուծման հարցում։ [1]
Գերմանիայի և Ֆրանսիայի արդյունաբերությունում սկսվեցին կառուցվածքային փոփոխություններ՝ սկսվեց արդյունաբերության անցումը ածուխ և նավթ կիրառող տեխնոլոգիաներից դեպի ավելի էներգաարդյունավետ տեխնոլոգիաների։ Ֆրանսիան սկսեց ավելի ակտիվ զարգացնել ատոմային էներգետիկան, իսկ Գերմանիան դիվերսիֆիկացրեց իր էներգիայի աղբյուրները, զարգացնելով գազի և ածխի վրա հիմնված էներգետիկան։ Այս միջոցառումները հիմք դրեցին երկու երկրների ապագա էներգետիկ ռազմավարություններին։ [2]
2007 թվականին Գերմանիայում էներգիայի սպառումն անկում ունեցավ, այն դեպքում, երբ արդյունաբերության ծավալը՝ ԱՄՆ դոլարով, 2006 թ. համեմատ աճել է։ Այդ անկումը պայմանավորված էր ոչ միայն եղանակային գործոններով (տաք ձմեռ), այլև՝ էներգաարդյունավետության բարձրացմամբ և տնտեսության կառուցվածքային փոփոխություններով։ Սա առաջին նկատելի նշանն էր, որ էներգիայի սպառումը կարող է նվազել նույնիսկ տնտեսական աճի պայմաններում՝ էներգախնայող քաղաքականության և նոր էներգիայի աղբյուրներին անցման շնորհիվ։
Գերմանիայում և Ֆրանսիայում 2017-2024 թթ. ընթացքում էներգիայի ընդհանուր սպառման միտումը նվազումն էր։ Այդ նվազման արագությունը Ֆրանսիայում կազմում էր մոտ 56 ՏՎտ/ժամ մեկ տարվա ընթացքում, իսկ Գերմանիայում կրկնակի արագ՝ մոտ 112 ՏՎտ/ժամ մեկ տարվա ընթացքում։ Այդ վերջին ժամանակահատվածում էներգետիկ զարգացումները և դրանց կոնտեքստները, որոնք, ինչպես վերը նշվեց, տեղի են ունենում աշխարհամակարգի կառուցվածքային փոփոխության կոնտեքստում կդիտարկվեն առանձին հոդվածում։
Էներգիայի սպառումն Գերմանիայում և Ֆրանսիայում ըստ էներգիայի աղբյուրների, 1965-2024 թթ.
Գերմանիայում էներգիայի սպառման կառուցվածքն ըստ աղբյուրների 1965-2024 թթ. ժամանակահատվածում տրված է Գծապատկեր 3-ում։ [3]
Գծապատկեր 2. Գերմանիայի էներգասպառումն ըստ աղբյուրների, %, 2024 թ., Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Չնայած վերականգնվող էներգիային անցման երկարատև քաղաքականությանը, այդուհանդերձ, 2024 թ.-ին Գերմանիայի էներգիայի սպառման կառուցվածքում առաջին տեղում էր նավթը, որը կազմում էր ամբողջ էներգասպառման 37.3%-ը, երկրորդը գազն էր՝ 24.9%, երրորդը՝ ածուխը՝ 13.9%։ Այսինքն,
- 2024 թ.-ին Գերմանիայում սպառվող էներգիայի 76%-ը ստացվում էր ածխաջրածնային հանածոներից։
Միայն չորրորդ տեղում էր քամու էներգիան՝ 10.7%, հինգերորդը՝ արևի էներգիան՝ 5.7%, այլ վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվում էր ընդհանուր սպառված էներգիայի 4.8%-ը, իսկ հիդրոէներգիան կազմում էր 1.7%, իսկ ատոմային էներգիա արդեն չէր սպառվում։
Գերմանիայում սպառվող էներգիայի կառուցվածքի փոփոխությունը 1965-2024 թթ. ժամանակահատվածում ներկայացված է Գծապատկեր 3-ում։
- Այդ ժամանակահատվածում Գերմանիայի էներգիայի սպառման կառուցվածքում ածխի մասնաբաժինը 63%-ից նվազել է մինչև 13.9%։
- Գազի մասնաբաժինը 1%-ից աճել է մինչև 24.9%։
Գազի մասնաբաժնի աճի հիմնական գործոնը դեպի Գերմանիա ռուսական գազի ինտենսիվ ներմուծումն էր, որը նախաձեռնվեց 1970 թ.-ին, երբ ԽՍՀՄ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև կնքվեց առաջին երկարաժամկետ պայմանագիրը, որը հայտնի է «գազ՝ խողովակների դիմաց» անունով։ Գերմանիան խորհրդային գազային ենթակառուցվածքների համար խոշոր տրամագծով խողովակներ էր մատակարարում ՝ դրա դիմաց ստանալով բնական գազ։ Այդ պահից սկսվեց խողովակաշարերի միջոցով կայուն և լայնածավալ գազի մատակարարումը, ինչն աստիճանաբար Գերմանիային դարձրեց Եվրոպայում ռուսական գազի խոշորագույն ներմուծողը։
Բնական գազի մատակարարումների վերաբերյալ հաջորդ խոշոր պայմանագիրը կնքվեց 1981 թ.-ին «Ուրենգոյ – Պոմարի - Ուժգորոդ» գազատարով (թողունակությունը՝ 32 միլիարդ խորանարդ մետր/տարի) Գերմանիա գազի մատակարարումների վերաբերյալ։ Երրորդ խոշոր քայլը՝ կատարվեց 2011 թ.-ին, երբ շահագործման հանձնվեց «Հյուսիսային հոսք 1» գազատարը՝ 55 միլիարդ խորանարդ մետր/տարի հզորությամբ, իսկ չորրորդ քայլն էր 2018 թ. սկսված «Հյուսիսային հոսք - 2» գազատարի կառուցումը, որի հզորությունը նույնպես կազմում էր 55 միլիարդ խորանարդ մետր/տարի։ Այդ գազատարի կառուցումն ավարտվեց 2021 թ.-ին, սակայն այն շահագործման չմտավ սերտիֆիկացման հետ կապված խոչընդոտների պատճառով, իսկ 2022 թ. սեպտեմբերին պայթեցվեց։
- Գերմանիայի էներգասպառման կազմում նավթի մասնաբաժինը մնացել է բավական մեծ, նույնիսկ փոքր-ինչ աճել է՝ 34.4%-ից հասնելով 37.3%-ի,
- Հիդրոէներգիայի մասնաբաժինը շատ քիչ է փոխվել և մնացել է շատ ցածր մակարդակում՝ 1.5%-ից դարձել է 1.7%։
1965 թ.-ին Գերմանիայում արևի, քամու և միջուկային էներգիան չէր օգտագործվում, իսկ 2024 թ.-ին.
- Քամու էներգիայի մասնաբաժինը 1965-2000 թթ. ժամանակահատվածում չնչին տոկոս էր կազմում, մասնավորապես՝ 2000 թ.-ին ընդամենը 0.7%։ Հետո այդ մասնաբաժինը սկսեց արագ աճել և 2024 -ին կազմեց է 10.7%։
- Արևի էներգիայի արագ աճը սկսվեց 2005 թ.-ից, երբ այն կազմում էր մոտ 0.1%, իսկ 2024 թ.-ին հասավ 5.7%-ի։
- Միջուկային էներգիան սկսել է օգտագործվել 1967 թ.-ից, իսկ 2024 թ.-ին դրա օգտագործումն իսպառ դադարեցվել է։
Գծապատկեր 3. Էներգիայի սպառման կառուցվածքն ըստ աղբյուրների, տոկոս, Գերմանիա, 1965-2024, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Էներգիայի սպառման ծավալը Գերմանիայում ըստ աղբյուրների արտահայտված տերավատ-ժամով [4] և դրա դինամիկան 1965-2024 թթ. ժամանակահատվածում տրված է Գծապատկեր 4-ում։ Այն լրացնում է Գծապատկեր 3-ի տվյալների բովանդակությունը, պատկերացում է տալիս դրա հսկայական ծավալների վերաբերյալ, մյուս կողմից՝ թույլ է տալիս երկրում էներգիայի սպառումը համեմատել այլ երկրների հետ։
Գերմանիայում նավթից ստացված էներգիայի առավելագույն օգտագործման ժամանակահատվածը 1971-1980 թվականներն էին, երբ այն կազմում էր տարեկան միջինը 1,815 ՏՎ-Ժ։ Դրանից հետո այն կտրուկ նվազեց մինչև 1,482 ՏՎ-Ժ 1983 թ.։ Չնայած հետագա տարիներին նավթի օգտագործումը շարունակում էր նվազել, սակայն 2024 թ.-ին այն պահպանել էր բավական բարձր արժեք՝ 1,177 ՏՎ-Ժ։
Գծապատկեր 4. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Տվ-Ժ, Գերմանիա, 1965-2024, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Գերմանիան կարողացել է բավական մեծ չափով նվազեցնել ածխից ստացվող էներգիայի քանակը՝ 1965-ին 1,869 ՏՎ-Ժ-ից մինչև 438 ՏՎ-Ժ 2024 թ.-ին։ Սակայն գազի օգտագործումը բացարձակ արժեքով ունեցել է աճի միտում։ Եթե 1985-ին գազից ստացված էներգիան կազմել է 581 ՏՎ-Ժ, ապա 2024 թ.-ին՝ 786 ՏՎ-Ժ։
Գերմանիայի համար հատկապես հատկանշական է քամուց ստացվող էներգիայի սպառման արագ աճը։ 2024 թ. քամուց ստացված էներգիան համարյա հավասար էր վերականգնվող այլ աղբյուրներից ստացված էներգիային։
Ֆրանսիայում էներգիայի սպառման կառուցվածքն ըստ աղբյուրների տրված է Գծապատկեր 5-ում։ Մի կողմից դրա կառուցվածքը նման է Գերմանիային՝ այն տեսակետից, որ և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում նավթն ու գազն կարևոր տեղ են գրավում, նավթը Ֆրանսիայում 2024 թ. կազմում էր սպառման 31.1%, Գերմանիայում՝ 37.3%, գազը Ֆրանսիայում՝ 12.9%, Գերմանիայում՝ 24.9%: Սակայն, մյուս կողմից, միջուկային էներգիան Ֆրանսիայում գրավում է առաջին տեղը՝ 37.4%, իսկ Գերմանիայում՝ 0%, քանի որ 2024 թ.-ին Գերմանիան վերջնականապես հրաժարվեց ատոմային էներգիայից։
Այսպիսով, Ֆրանսիայում ածխաջրածնային աղբյուրներից ստացվող էներգիան կազմում է 46.1%, իսկ Գերմանիայում՝ 76%:
Գծապատկեր 5. Ֆրանսիայում էներգասպառումն ըստ աղբյուրների, %, 2024 թ., Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Ֆրանսիայում էներգիայի սպառման կառուցվածքն ըստ աղբյուրների 1965-2024 թթ. ժամանակահատվածում տրված է Գծապատկեր 6-ում։
Գծապատկեր 6. Էներգիայի սպառման կառուցվածքն ըստ աղբյուրների, տոկոս, Ֆրանսիա, 1965-2024, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Այստեղ նույնպես, ինչպես և Գերմանիայում նավթի օգտագործումը արագ աճում էր՝ 1965 թ.-ին 47.6%-ից 1973 թ.-ին հասնելով 69.0%-ի։ Առաջին և երկրորդ նավթային ճգնաժամերի հետևանքով 1973-1985 թթ. Ֆրանսիայում նավթի օգտագործումը կտրուկ նվազեց 69.0%-ից մինչև 40.9%, որից հետո նավթի օգտագործման նվազումը շարունակվեց ավելի ցածր տեմպերով մինչև 2020 թ.-ը։ Սակայն Նիգերիայում 2022 թ.-ի հեղաշրջումից հետո կորցնելով ուրանի հանքանյութի ստացման մոտ 20%-ը, որի պատճառով կտրուկ նվազեց միջուկային էներգիայի սպառումը, Ֆրանսիան կտրուկ ավելացրեց նավթի օգտագործումը։
Ֆրանսիան 1965-2024 թթ. ընթացքում մեծ հաջողության է հասել ածխի օգտագործման նվազման հարցում։ Հարկ է վերհիշել, որ ածուխի այրումից մթնոլորտի աղտոտումը ածխաթթվի, ծծմբի և ազոտի օքսիդներով և կոշտ մասնիկներով մոտ կրկնակի գերազանցում է նավթի այրումից և բազմակի գերազանցում է գազի այրումից առաջացող աղտոտմանը [5]։ Եթե 1965 թ.-ին ածուխը Ֆրանսիայի էներգետիկ բալանսում կազմում էր 38.7%, ապա 2024 թ.-ին ընդամենը 2.0%։
1965-2024 թթ. ընթացքում Ֆրանսիայի էներգետիկ բալանսում աննախադեպ աճել է ատոմային էներգիայի մասնաբաժինը՝ 0.2%-ից մինչև 37.4%։
Հիդրոէներգիայի մասնաբաժինը Ֆրանսիայի էներգետիկ բալանսում 2000-2024 թթ. ընթացքում կազմել է մոտ 5.4%։
Քամու էներգիան Ֆրանսիայում սկսել է օգտագործվել 1993 թ.-ից, իսկ արևի էներգիան՝ 1993-ից, սակայն երկար ժամանակ դրանց օգտագործումը չուներ էական նշանակություն։ Էներգետիկ բալանսում քամու էներգիան 1%-ի շեմին է հասել 2011 թ.-ին, իսկ արևի էներգիան՝ 2018 թ.ին։ 2024 թ.-ին Ֆրանսիայի էներգետիկ բալանսում քամու էներգիան կազմել է 4.6%, իսկ արևային էներգիան 2.3%։
Ֆրանսիայում էներգիայի սպառման ծավալներն ըստ աղբյուրների տրված է Գծապատկեր 6-ում։
Գծապատկեր 6. Էներգիայի սպառումն ըստ աղբյուրների, Ֆրանսիա, 1965-2024, Աղբյուրը՝ Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Գերմանիայում և Ֆրանսիայում Էներգետիկ անցման քաղաքականության տեմպերի համեմատական պատկերը 1965-2024 թթ. տրված են Գծապատկեր 8 և Գծապատկեր 9-ում։ Տվյալները ցույց են տալիս, որ մինչև 1994 թ. Ֆրանսիայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը էներգասպառման ոլորտում նշանակալի գերազանցում էր Գերմանիային, որը հիմնականում պայմանավորված էր Ֆրանսիայում հիդրոէներգիայի ավելի մեծ ծավալներով՝ Ֆրանսիայում հիդրոէներգիան այդ տարիների կազմել է ամբողջ էներգասպառման մոտ 7.8%-ը, իսկ Գերմանիայում՝ 1.3%-ը։ Նույն տարիներին, եթե Ֆրանսիայում վերականգնվող էներգիան միջին հաշվով կազմում էր ընդհանուր էներգասպառման 8.0%-ը, ապա Գերմանիայում՝ 1.4%:
Գծապատկեր 8. Էներգիայի սպառումը վերականգնվող էներգիայի աղբյուրներից Գերմանիայում և Ֆրանսիայում, տոկոս ամբողջ սպառումից, 1965-2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
1997 թ.-ից Գերմանիայում սկսեց վերականգնվող էներգիայի մասնաբաժնի արագ աճը։ 2005 թ.-ին այն հավասարվեց Ֆրանսիային, իսկ 2006 թ.-ից` գերազանցեց։
2005-2024 թթ. ընթացքում Գերմանիայում վերականգնվող էներգիայի օգտագործումը կազմել է ընդհանուր էներգասպառման 24.0%-ը, իսկ Ֆրանսիայում՝ 16.5%։
Սակայն Ֆրանսիան, որպես ածխաջրածնային էներգիայի աղբյուրներից կախվածության նվազեցման հիմնական քաղաքականություն էր ընտրել ատոմային էներգետիկայի զարգացումը, որի տեմպերն արագացան սկսած 1978 թ.-ից և 1993 թ.-ին հասան 35%-ի (Գծապատկեր 9)։
Գծապատկեր 9. Միջուկային էներգիայի սպառումը Գերմանիայում և Ֆրանսիայում, տոկոս ամբողջ սպառումից, 1965-2024, Energy Institute - Statistical Review of World Energy (2025), https://www.energyinst.org/statistical-review
Դրանից հետո միջուկային էներգիայի մասնաբաժինը Ֆրանսիայում մնաց շատ բարձր մակարդակի վրա կազմելով ամբողջ էներգասպառման մոտ մեկ երրորդը։
Գերմանիայում միջուկային էներգիայի սպառումն ունեցել է երկու հիմնական փուլ, առաջինը աճի փուլ էր՝ 1965-1999, իսկ երկրորդը՝ 2000-2024 թթ. նվազման փուլ՝ ընդհուպ մինչև միջուկային վերջին բլոկի աշխատանքի դադարեցումը 2024 թ.-ին։ Գերմանիայում միջուկային էներգիայի կրճատման և հետագայում դրանից հրաժարման քաղաքականություն ուներ մի քանի հիմնական պատճառ։
Առաջինը՝ հակամիջուկային շարժումն էր, որը Գերմանիայում ակտիվացել էր սկսած 1970-ականներից: Այդ շարժման ինտենսիվությունը կտրուկ աճեց 1986 թվականին Չեռնոբիլի (ԽՍՀՄ) ատոմակայանում վթարից հետո, երբ հասարակությունում կտրուկ աճեց վախը ճառագայթումից և միջուկային թափոնների պահեստավորման հետ կապված ռիսկերից։
Երկրորդ պատճառը՝ «Կանաչների» շարժման ազդեցությունն էր, որը քաղաքական հզոր ազդեցություն ստացավ, երբ 1998 թվականին Գերմանիայում իշխանությունը ձևավորեց սոցիալ-դեմոկրատների (SPD) և «Ալյանս 90»-ի/«Կանաչներ» կուսակցության կոալիցիան: Կոալիցիան 2000 թ.-ին ընդունեց միջուկային էներգիայի փուլային դադարեցման մասին օրենքը, որը միջուկային էներգիայից հրաժարվելու քաղաքականության առաջին պաշտոնական քայլն էր:
Երրորդը՝ Էներգետիկ անցման քաղաքականության ընդունումն էր՝ Գերմանիան որոշեց իր էներգետիկ ռազմավարությունը հիմնել վերականգնվող էներգիայի աղբյուրների (քամու, արևի, կենսազանգվածի) վրա:
Ատոմային էներգիայից իսպառ հրաժարվելու քաղաքականությունը վերջնականապես հաստատվեց 2011 թվականին Ճապոնիայում Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարը։
Հիմնական եզրակացություններ
- Գերմանիայի էներգասպառման կառուցվածքում, չնայած վերականգնվող էներգիայի մասնաբաժնի արագ աճին, 2024 թ.-ին ածխաջրածնային աղբյուրները կազմում էին 76.0%, ընդ որում՝ նավթը 37.3%, գազը՝ 24.9%։ Նավթի և գազի սպառումը Գերմանիայում 2022-2024 թթ. ուներ աճի միտումներ։
- Ֆրանսիայի էներգասպառման առաջին ամենակարևոր աղբյուրը ատոմային էներգիան է՝ 37.4%: Ֆրանսիայի էներգասպառման կառուցվածքում նավթը պահպանում է իր հանգուցային և շատ բարձր նշանակությունը՝ 31.3%, իսկ ընդամենը ածխաջրածնային աղբյուրները՝ 46.1%։ Ֆրանսիայում 2022-2024 թթ. ընթացքում նավթի և գազի սպառումն ունեցել է նվազման միտում, իսկ միջուկային էներգիայի սպառումը՝ 2022 թ. կտրուկ անկումից հետո նորից արագորեն աճում է։
- Եվրոպայում էներգետիկ ռեսուրսները սահամանափակ են, այն ունի մեծ կախվածություն այդ ռեսուրսների ներմուծումից։ Հետևաբար, աշխարհամակարգային վերակառուցման փուլում, աշխարհաքաղաքական բևեռների միջև մրցակցության սրման կոնտեքստում, Եվրոպայի և նրա հանգուցային երկրների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի համար էներգետիկ ռեսուրսների կայուն մատակարարումն ունի ստրատեգիական նշանակություն։ Ընդ որում, Գերմանիայի համար՝ ածխաջրածնային ռեսուրսների, իսկ Ֆրանսիայի համար միջուկային վառելիքի՝ ուրանի դեպքում։
- Էներգետիկ ռեսուրսների համար պայքարում մեծ դերակատարում և նշանակություն են ստացել մեծ տնտեսություններ ունեցող և արագ զարգացող Չինաստանը, Հնդկաստանը և Հարավ-Արևելյան Ասիայի երկրները։
- Այս իրավիճակը Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքականությունները միջազգային ոլորտում պայմանավորող կարևորագույն գործոններից է։
- Այդ պատճառով կարևոր է դիտարկել Գերմանիայի և Ֆրանսիայի էներգետիկ ռեսուրսների ապահովման առանձնահատկությունները, որոնք կդիտարկվեն հաջորդ հոդվածում։
[1] Ф. Бешь, «Энергетическая дипломатия»: Западная Германия, Советский Союз и нефтяные кризисы 1970-ых гг. // Уральский исторический вестник, N1 (50), 2016, ст. 80-90.
[2] О. Скороходова, Европа и энергетический кризис 1979-1989 гг.: поучительные уроки. DOI:
[3] Էներգիայի աղբյուրների դասակարգումը։ Բրածո վառելիք՝ ածուխ, նավթ, գազ։
[4] 1 տերավատ-ժամը հավասար է 1,000,000,000 կիլովատ-ժամ։ Համեմատության համար՝ Հայաստանի էներգասպառումը 2024 թ.-ին կազմել է 0.938 ՏՎտ-Ժ, իսկ Գերմանիայինը՝ 3195.44 ՏՎտ-Ժ։
[5] Նավթի, գազի և ածխի այրումից առաջացող արտանետումների քանակը 1 կվտ-ժամ էլեկտրաէներգիայի արտադրության դեպքում։
